Ինչ է իրենից ներկայացնում հազը և ինչպես ազատվել հազից

Հազը դա անսպասելի ի հայտ եկող և հաճախ կրկնվող ռեֆլեքս է, որն ուղղված է շնչուղիները օտար մասնիկներից մաքրմանը։

Հազը առաջանում է ի պատասխան շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի (հատկապես շնչափողի երկատման, բրոնխների ճյուղավորումների շրջանում), ինչպես նաև պլևրալ թերթիկներում տեղակայված հազային ընկալիչների դրդման հետևանքով։

Հազային ընկալիչների դրդումը առաջացնում է խորը ներշնչում, որից հետո ձայնաճեղքը փակվում է և լարվում են շնչական ու որովայնի մամուլի մկանները, ինչը հանգեցնում է բարձր դրական ներկրծքային ճնշման ստեղծման և հետևապես շնչական ուղիներում ճնշման բարձրացման։ Ընդ որում շնչափողի հետին թաղանթը փակում է լուսանցքը։

Այնուհետև կտրուկ բացվում է ձայնաճեղքը և ստեղծված ճնշումների տարբերությունը բերում է օդի հոսքի այնպիսի արագության, որը բրոնխիալ ծառի տարբեր հատվածներում տատանվում է 0,5 մինչև 50-120մ/վ։ Օդի հոսքի նման արագությունը նպաստում է լորձի և օտար մասնիկների հեռացմանը բրոնխիալ ծառից։

Հազվադեպ նկատվում է ռեֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս։ Երբեմն հազը առաջանում է հուզական լարվածությունից։

Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի։ Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել։ Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր։ Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա։ Չոր հազը փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով։

Մասնագետները պնդում են, որ սովորական հազից կարելի է ազատվել շոկոլադի օգնությամբ: Ապացուցվել է, որ կակաոյի մեջ պարունակող միացությունը թուլացնում է սուր եւ խրոնիկ հազի ախտանշանները, գրում է The Daily Mail-ը:Գիտնականներն արձանագրում են. շոկոլադի ամենօրյա օգտագործումն ունակ է օգնել խրոնիկ հազի դեմ (բավական է ամեն օր մեկ սալիկ մուգ շոկոլադ ուտել): Իսկ երբ դադարում ես շոկոլադ ուտել, հազի ախտանշաններն իրենց կրկին զգացնել են տալիս: