Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հերթական հայտարարությունը

Ի պատասխան տարածված լուրերի, թե սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու պատճառը կենցաղային խնդիրներն են եղել, ազատամարտիկը կատարեց հերթական հայտարարությունը. <Երկու օր է, ինչ դեպքը տեղի է ունեցել ու որոշ լրատվական կայքեր այս միջադեպը, որը ես միջադեպ չեմ համարում, քանի որ սա սպանության փորձ է բառի բուն իմաստով, փորձում են ներկայացնել, որպես կենցաղային հարց: Ինձ հետ նման կերպ են վարվել քաղաքական իմ գործունեության հետ կապված: Նրանք փորձել են հաշվեհարդար տեսնել ու բառիս բուն իմաստով սպանել ինձ, ես այդ մասին այսօր արդեն համապատասխան մարմիններին եմ տեղյակ պահել: Նորից եմ հայտարարում սա սպանության փորձ էր, որը կապված է իմ քաղաքական եւ հասարակական գործողությունների հետ: Դեպքը տեղի չի ունեցել անձնական հարցերը հողի վրա, այստեղ կենցաղային հարց չկա: Ես ոչ ոքի չեմ հայհոյել, որեւէ մեկի հետ անձնական հարց չունեմ, պարտքեր եւս չունեմ: Ես մարդու հետեւից կամ հեռախոսով չեմ հայհոյում, կարող եմ հեռախոսով հայհոյել միայն այն դեպքում, երբ դիմացինս է նման քայլի գնում, դա ադեկվատ պատասխան է, կարծում եմ: Շատ լրատվամիջոցներ փորձում են տակից ինչ-որ բաներ անել, ես չեմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանն է նման հրահանգ տվել, ես հայտարարել եմ, որ ես ճանաչել եմ Տիգրանին, որպես Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ, իսկ թե հիմա նա Հայրապետյանի մոտ է աշխատում, թե` ոչ չեմ կարող ասել: Ես Տիգրանի հետ որեւէ առիթի չեմ մանակցել ու սեղան չեմ նստել: Մնացած հարցերի մասին դեռ կլռեմ, պահպանելով նախաքննության գաղտնիությունը>: