Հայաստանի ԱԱԾ-ն` Զարուհի Փոստանջյանին զգուշացնում է

Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարությամբ անդրադարձել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԱԺ-ում ունեցած ելույթին նշելով, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները եւ նման բովանդակությամբ կոչերը, նաեւ այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին եւ ԱԱԾ-ն կկանխի ցանկացած նման գործողություն:
ԱԱԾ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օգտագործելով Ազգային Ժողովի բարձր ամբիոնը, թույլ է տվել սադրիչ արտահայտություններ:
«Ժառանգություն» խմբակցության նորաթուխ ղեկավարի պաշտոնամուտի իր ելույթով Զ. Փոստանջյանը փորձեց իր կարգավիճակի փոփոխությունն, այսպես ասած, շռնդալից դարձնել, սակայն, ակնհայտորեն գերազանցեց ինքն իրեն եւ փորձեց ոտնակոխ անել քաղաքական պայքարի թույլատրելիության իրավական սահմանը, որից այն կողմ անխուսափելիորեն պետք է վրա հասնի սեփական արտահայտությունների ու արարքների համար պատասխանատվությունը:
21-րդ դարում «Բաստիլներ քանդող», ժամանակավոր կառավարություններ ձեւավորող, իրենց հեղափոխական բառապաշարով հասարակությանն ակնհայտորեն հոգնեցրած եւ պետականության հզորացման գործում անվտանգության մարմինների դերը չհասկացող գործիչներին օգտակար կլիներ ժամանակ առ ժամանակ հաշվի նստել այն պարզ ճշմարտության հետ, որ ԱԱԾ-ն «КГБ» եւ «НКВД» չի եւ որ այստեղ ծառայել ու ծառայում են բազմաթիվ նվիրյալ հայորդիներ, ովքեր հակառակորդի ահագնացող թշնամական վարքագծի պայմաններում ամենօրյա ծանր աշխատանքով ապահովում են այդ թվում տիկին Փոստանջյանի անվտանգությունը:
Չցանկանալով ներքաշվել էմոցիոնալ եւ անբովանդակ «քննարկումների» մեջ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները եւ նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են եւ այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին:
Ուստի ցանկացած նման կոչ, առավել եւս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»: