1908 թ-ի այս օրը` սեպտեմբերի 18-ին, ծնվել է Վիկտոր Համբարձումյանը

Վիկտոր Համազասպի Համբարձումյան հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայ բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Հայաստանի ազգային հերոս , Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

 

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924թ․ մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական Համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում:

Վիկտոր Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք նվիրված է Գալակտիկայում միջաստղային նյութի հետազոտությանը։ Սզբունքորեն նոր արդյունք է ստացել, որի համաձայն՝ Գալակտիկայում կլանող նյութն ունի պատառաձև բաշխում և լույսի կլանման պատճառը միջաստղային տարածության մեջ բազմաթիվ գազափոշային ամպերիառկայությունն է։ Միջաստղային ամպերի ամբողջության հետազոտման հզոր միջոց եղավ ֆլուկտուացիաների տեսությունը, որը նոր ուղիներ բացեց աստղագիտության մեջ։.

Մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թ. կրում է իր հիմնադրի անունը։