Զոհերի թիվը գնալով ավելանում է

Երկրաշարժի զոհերի թիվը Նեպալում գերազանցել է 7 հազարը: Տուժել է ավելի քան 14,3 հազար մարդ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան երեք միլիոն մարդ պարենի կարիք ունի, ընդ որում՝ գրեթե կեսն անմիջապես: Բացի այդ, կազմակերպությունը հաշվարկել է, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել է կես միլիոն տուն, այդ պատճառով տուժած շրջանների բնակիչներն ունեն վրանների, բրեզենտե ծածկերի եւ վերմակների կարիք:

Սննդի եւ անհրաժեշտ իրերի մատակարարումը բարդանում է նրանով, որ շատ մարդիկ գտնվում են դժվարանցանելի վայրերում, հատկապես սա վերաբերում է Կատմանդուի հովտից դուրս գտնվող տարածքին:

Ավելի վաղ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ փլատակների տակից ողջ մնացածների գտնելու հավանականություն գործնականում չկա, սակայն որոնումները կշարունակվեն:

Երկրաշարժից տուժած Նեպալի բնակիչներին օգնելու համար ընդհանուր առմամբ արդեն փոխանցվել է 61 մլն դոլար, բայց սա բավարար չէ, նշում են ՄԱԿ-ում: Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում Նեպալին հարկավոր կլինի առնվազն 415 մլն դոլար:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ 7,9 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Նեպալում: Ստորերկրյա ցնցումները զգացվել էին նաեւ Հնդկաստանում, Բանգլադեշում եւ Տիբեթում: