«Աշխարհն, այո՛, շուռ է եկել»

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր պատահմամբ լսում էի Եվա Ռիվասի արդարացումը, թե բարոյական ո՞ր իրավունքով էր մի ամբողջ ժողովրդի շուն, տառական և նման «քաղցրահամ» բառերով բնութագրել։ Եվ իր ուրույն տրամաբանությամբ մտքերի մի ամբողջ «աջաբ-սանդալի» մեջ այդպես էլ չհասկացվեց իր վիրավորանքն այն ազգի նկատմամբ, որի «անքակտելի» մի մասնիկն է իրեն համարում։ Նախ ցավալի է, որ անտրամաբանության տրամաբանության մեջ Հայաստանի հայերին է վերագրել բոլոր այն «կոմպլիմենտները», որ նա արել էր՝ շներին և տառականներին վերաբերվող, սակայն այդ կարմիր որդանով նա չէր պատել սփյուռքահայությանը, այլ միայն հայաստանաբնակներին։ Եվ ես անձնապես պատկերացրեցի, որ այդ աղջնակը, որը հայ-վրացական երգի միասնական կատարման ժամանակ բեմում այնպիսի պոմպային զորությամբ շրթնահամբյուր իրականացրեց իր վրացի զուգընկերոջը, որ քիչ էր նմում խեղճ «գացոյի» երեսի կեսը անհետանար կրակաբորբ շրթունքների մեջ, բայց… փառք Աստծո։ Եվ այս մեծանուն «ազգային բարերարը», որը զղջացել է իր արած անորոշ բարիքների համար (թերևս նկատի ունի Եվրատեսիլում Հայաստանի անունից ելույթ ունենալը, մոռանալով, որ Ռուսաստանում որևէ մեկը նրան չէր թողնի, որ ինքը Եվրատեսիլի միկրոֆոնը բռներ), հիասթափված է մի ամբողջ ժողովրդից՝ մոռանալով, որ այդ ժողովրդի եթե ոչ ամեն մի երրորդը, ապա գոնե հինգերորդը ոչ ավելի պակաս կերգի, քան հենց մեր գիսաստղը։ Հիշենք մեր հրաշալի պարսկահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանի բացառիկ ձայնը, գնացեք և տարբեր ջազ բառերում լսեք հրաշալի կատարումներ։ Սակայն չնայած վիշտն ի սրտի մերում, որ մի ամբողջ հայաստանաբնակ հայեր, ըստ այս միկրոֆոնակրի, շներ և տառականներ են, այս ցավը մեզ բավական չէր, զգացինք բարոյական ապտակի մի նոր ցավ։ Ըստ Եվա Ռիվասի՝ Կոնչիտա Վյուրստը 25%-ով հայ է, մեծ հայ։ Ինչպես նշանավոր անեկդոտում է ասված՝ էս էլ ու պլծ։ Է, աշխարհ աշխարհ, առաջ հայերը զարմացնում էին իրենց ուղեղով, մտքով, գործերով, հիմա մեր 50-25% տոկոսանոցները զարմացնում են իրենց պրակտոլոգիական տաղանդով։ Իրոք «ԱՇԽԱՐՀՆ, ԱՅՈ, ՇՈՒՌ Է ԵԿԵԼ»։