Վիրավորված ոստիկաններից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Հունան Պողոսյան

Ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակման հետեւանքով վիրավորված ոստիկաններից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Մյուս երկուսի վիճակն էլ ծանր է: Չորսն էլ գտնվում են տարբեր հիվանդանոցներում: Դեպքի վայրից տեղափոխվել է նաեւ սպանվածի դին»,- ասաց Հունան Պողոսյանը:

Փոխոստիկանապետը հաստատեց, որ վիրավորների մեջ է նաեւ ոստիկանության օպերատորներից մեկը:

Նշենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան զոհվել է: Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է: Հայտնի է վիրավորներից երեքի ինքնությունը՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյան, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյան։

Լուրեր Հայաստանից — NEWS.am