Վրաստանի ճանապարհներին «լռված» մեկ միլիոն դոլարի հասնող ծիրանը փչանում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերին Լարսի անցակետի փակ լինելու հետևանքով հսկայական վնասներ են կրել փոքր ծավալներով դեպի Ռուսաստան ծիրան արտահանողները: Վերջիներս արդեն 15 օր համեմատաբար փոքր մեքենաներով «լռված են» Վրաստանի ճանապարհներին: Նրանց մի մասը Լարսի անցակետից շրջվել է դեպի Փոթի՝ փորձելով տեղ հայթայթել լաստանավում, մյուս մասը, լսելով, որ անցակետը շուտով կբացվի, շարունակում են սպասել: Իսկ այդ ընթացքում նրանց տեղափոխած ծիրանի մի զգալի մասը փչացել է ու արդեն ենթակա չէ վաճառքի: Վիճակը ծանրանում է նրանով, որ այդ փոքր արտահանողները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, ծիրանը գյուղացիներից վերցրել են  հիմնականում «նիսյայով», խոստանալով վճարել ապրանքը Ռուսաստանում վաճառելուց հետո: Արդյունքում ստացվելու է այնպես, որ գյուղացիները չեն ստանալու իրենց գումարները, իսկ արտահանողները զգալի վնասներ են կրելու: Խոսքը մի քանի հարյուր տոննա ծիրանի մասին է, որի արժեքը մոտենում է մեկ մլն դոլարի»:

Աղբյուրը՝ http://armlur.am/552527/